…Ծանր սրտով հեռացա կղզուց, տեր իմ, հետո եղա բազմաթիվ այլ կղզիներում, որոնք չէին տարբերվում միմյանցից, ամեն տեղ մարդիկ էին, ովքեր պատերազմում էին տխրության դեմ, իսկ ամենասարսափելին մինչև տիեզերք հասնող աղմուկն էր, որի ներքո սովորել էին հանգիստ ննջել: Մի տեղ չկա աշխարհում, որ նավակ պատրաստեմ ու գամ քո հետևից, գիտեմ` տարիներով անհամբեր սպասում ես, հավատով, որ մի օր թակելու եմ պատուհանդ: Ես դեռ հույսս չեմ կորցրել: Այստեղից մեկնելու եմ Կանադա` «barka»-յի համար ծառ փնտրելու, բայց, տեր իմ, թեկուզ և հնարավոր լինի այն պատրաստել, մտածե՞լ ես, արդյոք, ո՞ր ուղղությամբ ենք կողմնացույցը թեքելու, ի՞նչ ենք անելու, որտե՞ղ ենք կղզին փնտրելու: Հարցերը մտահոգիչ են. ես ամեն օր աղոթում եմ քո խաղաղության համար: Տեր իմ, հուսով եմ` հանդիպման ժամը մոտ է, դու պատրաստ պահիր անհրաժեշտ սնդուկները: Գրկում եմ քեզ:
Քո` Ուրբաթ
հատված «Ռոբինզոն» պատմվածքից